«Իրատեսի» հյուրը արտակարգ և լիազոր դեսպան ԱՐՄԱՆ ՆԱՎԱՍԱՐԴՅԱՆՆ է:
-Պարոն Նավասարդյան, հայրենական անվանված մեր վերջին պատերազմն ավարտվեց ռուսական խաղաղապահ զորքի մուտքով Արցախ, ավելի ճիշտ՝ այն մի փշուր տարածք, որը մնացել է Արցախից՝ Հայաստանի վերահսկողության տակ: Ձեր բազմաթիվ հարցազրույցներում ասել եք, որ խաղաղապահների ինստիտուտն իրեն չի արդարացնում: Հիմա մենք ի՞նչ ակնկալենք ռուսական խաղաղապահներից:
-Ես պարզապես տեսել եմ խաղաղապահների տարբեր երկրներում, և իմ տեսածն է ինձ հիմքեր տալիս այդպես ասելու: Տեսել եմ Լիբանանում՝ Բեքաա հովտում, Մերձավոր Արևելքում՝ Իսրայելի և Պաղեստինի միջև, Կիպրոսում: Խաղաղապահները երկու տեսակ են լինում: Սովորաբար լինում են խառը՝ տարբեր երկրների ներկայացուցիչներից կազմված, և սա բացարձակապես ոչ մի արդյունք չի տալիս: Մեզ մոտ տեղակայված ռուսական խաղաղապահները շատ բանով տարբերվում են դրանցից, որովհետև Ռուսաստանն ունի հետաքրքրություններ այս տարածաշրջանում: Եվ մեր քաղաքական իրադրության մեջ, իմ համոզմամբ, ռուսների մուտքը փրկություն էր: Եթե այս քայլը չարվեր, Արցախում հայ չէր մնա: Հիմա կան հակառուսական, անգլո-ամերիկյան տրամադրություններ ունեցող մարդիկ, որոնք ասում են, թե կիսեցին Արցախը Ռուսաստանի և Թուրքիայի միջև: Շատ բան կարելի է ասել, և ասվածի մեջ շատ բան կարող է ճիշտ լինել, բայց ֆիզիկական փրկության առումով սա լավագույն լուծումն էր: Թեև կա մի խնդիր. խաղաղապահ զորքը՝ բաղկացած 1600 հոգուց, ամբողջ գծի երկարությամբ կկարողանա՞ դիմադրել թուրքական ագրեսիվ քաղաքականությանը: Ես շատ կասկածում եմ: Եվ ի՞նչ կարող է պատահել: Կարող է պատահել հետևյալը. թուրքերը համառ կերպով ասում են, որ իրենք էլ պիտի ունենան խաղաղապահներ այդ տարածքում, տարածաշրջանում կան նաև ահաբեկիչներ, որոնք ամեն վայրկյան կարող են սարքել սադրանք, մի քանի հոգու սպանել և հիմք տալ թուրքերին՝ մտցնելու իրենց խաղաղապահներին:
-Ակնհայտ է, որ ռուսական ուժերը չեն կարողանում լիովին վերահսկել տարածքը, որի վառ ապացույցը խայտառակ համաձայնագրի ստորագրությունից և ռուսների մուտքից հետո մեր խաղաղ բնակիչներից տասը կամ գուցե ավելի մարդու առևանգումն էր ու գերեվարումը:
-Այո՛: ՈՒ դեռ էլի կլինեն նման դեպքեր: Այդ պատճառով էլ կարծեմ ուզում են ռուսական զորքի թիվն ավելացնել տարածքում:
-Իրադրության սրումը հիմնականում պայմանավորված չէ՞ նրանով, որ 1921-ի գարնանը ռուս-թուրքական պայմանագրի ժամկետն է լրանում, Նախիջևանի խնդիրն է հրամայականորեն մտնում օրակարգ:
-Նաև դրանով է պայմանավորված: Թուրքակական քաղաքականությունն այդպիսին է, նրանք կարողանում են հեռուն նայել: Եվ այս պատերազմը հաշվարկված քայլ էր: Իհարկե, կային նաև այլ գործոններ՝ աշխարհաքաղաքական իրավիճակը, Ռուսաստանի զգալի թուլացումը, ռուս-թուրքական մյուս առճակատումների պարագան (ես նկատի ունեմ քրդական հարցը, Սիրիան, Լիբիան, Լիբանանը, Միջերկրական ծովի հարավային ավազանը, Եվրոպան): Հիմա թուրքերը համառորեն ուզում են ներխուժել Եվրոպա, և Եվրոպայի դեմոգրաֆիական տվյալները խոսուն վկայությունն են այն բանի, որ Ֆրանսիան, Գերմանիան կարճ ժամանակ հետո կդառնան իսլամական պետություններ:
-Գերմանիայում ապրող հայերը, իրենց տներում նստած, արդեն ստացել են «Գորշ գայլերի» սպառնագրերը, նրանք այլևս չեն էլ քողարկում հայատյաց, ցեղասպան նպատակները հենց Եվրոպայում:
-Այս պատերազմը, իհարկե, ոգևորել է նրանց: Իսկ մեծ հաշվով այս պատերազմով Էրդողանը փորձում էր արգելակել այն հնարավոր քայլերը, որ կարող էր անել Ռուսաստանը՝ ռուս-թուրքական պայմանագրի 100-ամյակի առիթով: Ես և ինձ նման մարդիկ բազմիցս ենք հուշել, որ սա մեզ համար ամենահարմար առիթն է՝ լուծելու այս տարածաշրջանում խաղաղության, կայունության հարցը՝ հօգուտ հայերի, բայց ես մեր երկրի այս կառավարությունից ոչ մի սպասելիք չունեի: Եթե մենք մինչև պատերազմը քայլեր անեինք, կարողանայինք շահագրգռել ռուսական կողմին, Եվրոպան ներգրավել, Վիլսոնի Իրավարար վճիռը շեշտադրել, շատ բան այլ կլիներ: Սա հսկայական աշխատանք է, որ պիտի արվեր: Իսկ մենք ոչինչ չարեցինք: Մենք մի տասը մասնագետով արդեն երեք տարի հետևողականորեն ուսումնասիրում ենք այն, ինչ կատարվում է Նախիջևանում: Փափուկ ուժի կիրառմամբ՝ բավական մեծ աշխատանք ենք կատարել Իրանում, Չինաստանում, Վրաստանում և անգամ Իսրայելում: Կային մարդիկ, որոնք պատրաստ էին գալու Հայաստան, մասնակցելու գիտական կոնֆերանսի այդ թեմայով: Դիմեցինք արտաքին գործերի նախարարություն, որովհետև նման հարցերը լուծվում են պետական մակարդակով: Երբ բացատրեցինք, թե ինչ ենք ուզում անել, ինչ նպատակ ենք հետապնդում, նախկին ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանն ասաց. «Իսկ դա ի՞նչ կտա մեզ»: Իշխանափոխությունից առաջ էլ Սերժ Սարգսյանին ենք փորձել այս գաղափարը հասցնել, նա էլ հայտարարել էր, թե մարդկանց պետք չէ դրանով վախեցնել:
-Ո՞վ պիտի վախենար:
-Մեր ժողովուրդը:
-Այո՛, մեր ժողովրդին պետք չէր վախեցնել, պետք էր հայրենազրկել: Երևի թե սա էր «լավագույն» լուծումը: Իսկ որպես հավելում՝ բազմաթիվ հայորդիների թողնել ադրբեջանական գերության մեջ՝ դույզն-ինչ չմտահոգվելով նրանց ճակատագրով:
-Երևի:
-Ի՞նչ սպասել ստեղծված իրավիճակում:
-Էրդողանն ուզում է խմբագրումներ անել Լոզանի 1923 թվականի պայմանագրում: Այնպես որ, մենք պիտի մոռանանք 2021 թվականին որևէ քայլի դիմելու մեր հնարավորության մասին: Սա է մեր ներկա քաղաքական իրավիճակը: Այսօրվա իշխանությունները գոնե պետք է շատ լավ գիտակցեին, թե ինչ արհավիրք է կախվում Հայաստանի գլխին: Սա մեկ-երկու օրվա բան չէր, վտանգը կար նաև նախկին իշխանությունների օրոք: Մեզ մոտ նախ իշխանափոխություն պիտի լինի: Սա միանշանակ է: Այսօրվա իշխանություններն ի վիճակի չեն որևէ հարց լուծելու:
-Բայց մենք տեսնում ենք, որ երկրի գլխավոր դեմքը, հեռանալու փոխարեն, առանձին օղակներում պաշտոնյաներ է փոխում՝ անհասկանալի վերադասավորումներով, և չի ցանկանում իրեն որևէ մեկով փոխարինված տեսնել: Սա ի՞նչ է նշանակում:
-Դե՛, մեր ժողովուրդը բարի է, հանդուրժող, բայց կան սահմաններ, որոնցից այն կողմ մենք չենք կարող անցնել: Այն, ինչ կատարվեց մեզանում, ահավոր հարված էր Հայաստանին և հայկականությանը: Մեր դիվանագիտությունը չկարողացավ ճիշտ աշխատել: Մենք 1994-ին հաղթեցինք պատերազմում, բայց պարտվեցինք դիվանագիտության, քաղաքականության մեջ: Ալիևի համար դրդապատճառ դարձան վիճելի յոթ շրջանները, որովհետև մենք այսքան տարի չկարողացանք աշխարհին ապացուցել, որ դրանք հայկական հողեր են, որոնք երբևէ չեն պատկանել Ադրբեջանին: Փաստորեն, ամբողջ աշխարհի առաջ մենք ներկայացանք որպես օկուպանտ: Չկարողացանք առաջ մղել ազգային ինքնորոշման պարադիգմայի կարևորությունը: Մենք չկարողացանք ապացուցել, որ այդ տարածքից մեկ միլիոն փախստական չի եղել, որ այդտեղ ընդամենը 43 հազար ադրբեջանցի է ապրել: Եվ քանի որ պանթուրքիստական թափանիվն սկսեց այստեղ արագ աշխատել և հասնել մեծ հաջողությունների, նրանք սկսեցին մտածել ոչ միայն Արցախի մասին: Միշտ ասել եմ, որ եթե անգամ մենք ամբողջ Արցախը տայինք նրանց՝ առանց մի թիզ հող մեզ պահելու, միևնույն է, դա չէր կանգնեցնի թուրքերին, որովհետև Թուրքիայի նպատակը Հայաստանի վերացումն է: Հայաստանը՝ որպես սեպ, խրված է թուրքական աշխարհի կոկորդում: Եթե հետևեք թուրքական պաշտոնական գրագրություններին, պետական մակարդակով արվող հայտարարություններին, կտեսնեք, որ նրանք հետապնդում են Հայաստանն իրենց ճանապարհից հեռացնելու նպատակը: Ստորագրված համաձայնագրի 9-րդ կետի՝ Մեղրիում բացվելիք միջանցքի առնչությամբ թուրքական կողմը հայտարարում է, որ իրենք լուծել են աշխարհաքաղաքական խնդիր՝ վերացնելով այն արգելքը, որը կանգնած էր թուրքական աշխարհի միավորման ճանապարհին: Այս մի նախադասությամբ ամեն ինչ ասված է կարծես: Երբ Էրդողանը հրապարակում է այն 61 երկրների ցուցակը, որոնք պետք է լինեն Օսմանյան կայսրության սահմաններում, առաջին շարքում Ղարաբաղը և Հայաստանն են: Այնպես որ, պատերազմն այդ ուղղությամբ է զարգանալու:
-Հասկանալի է, որ հնարավոր պատերազմն արդեն Արցախի համար չի լինելու, այլ Հայաստանի:
-Ղարաբաղում արդեն վերջացավ ամեն բան: Այնտեղ մի բուռ հող է մնացել հայերի ձեռքին, և սա դեռ վերջը չէ: Ձևացնում են, թե գնացել են հաշտության, բայց դա հեղհեղուկ վիճակ է: Ես գիտեի, որ մենք պարտվում ենք դիվանագիտական ասպարեզում, բայց որ ռազմականում էլ է այդ վիճակը, չէի պատկերացնում: Դա երևաց պատերազմի հենց սկզբից և շարունակվեց ավելի քան քառասուն օր: Պարզվեց, որ մեր զինված ուժերը շատ վատ վիճակում են, երկրում առկա կոռուպցիան խորապես թափանցել է այդ բնագավառ ևս, համապատասխան զենք-զինամթերք մենք ձեռք չենք բերել, մեր երկինքը լրիվ բաց էր այն դեպքում, երբ փակելու համար առանձնապես մեծ գումարներ պետք չէին, փոխարենը Հորդանանից ինչ-որ հին, անպետք զինատեսակներ են գնվել: Ես չգիտեմ՝ այստեղ ֆինանսական աֆյորա եղել է, թե ոչ, բայց ստեղծված վիճակն աններելի էր: Իսկ դրոնների հետ կապված խնդիրն ուղղակի խայտառակություն էր: Երեք տարի առաջ մենք դարձյալ աշխատանքներ տարանք փափուկ ուժի միջոցով: Հայաստան հրավիրեցինք Նեթանյահուի խորհրդական Ավիգդոր Էսկինին, տարանք Ղարաբաղ: Նա եկել էր այստեղ, որպեսզի փորձեր Հայաստանի միջոցով կապ հաստատել Իրանի հետ: Հետո Իսրայելի պատգամավորներից Ցինկերն այստեղ եկավ՝ նույն նպատակով: Բայց մեր իշխանությունները որևէ ընթացք չտվեցին այս գործին: Իսրայելը մեզ առաջարկում էր դրոններ, նույն այն դրոնները, որ իրենք վաճառում են Ադրբեջանին:
-Եվ դրան հետևեց Դավիթ Տոնոյանի «հանճարեղ» պատասխանը՝ դրանք իրենց չեն արդարացնում: Իսկ նրա խոսքերի սնանկությունն այս պատերազմի ընթացքում փաստեց ադրբեջանական կողմը՝ կռվելով այդ դրոններով:
-Այո՛: Նույն Դավիթ Տոնոյանը հայտարարեց, որ մեր ռազմաքաղաքական ներկայությունը լինելու է ոչ միայն այստեղ՝ Հարավային Կովկասում, այլև Մերձավոր Արևելքում, Միջերկրածովյան ավազանում: Եվ ի՞նչ եղավ այս ամենից հետո:
-Կարծում եք՝ Դավիթ Տոնոյանն ու այսօրվա իշխանությունները հավատու՞մ էին իրենց ասածներին, թե՞ լավ էլ գիտեին, որ այսպես պիտի լիներ ամեն բան, ու պարզապես անպատկառորեն ստում էին:
-Ըստ երևույթին՝ ամեն ինչ էլ գիտեին ու շատ լավ պատկերացնում էին: Դավիթ Տոնոյանը հավաստիացնում էր, որ պետք է ռազմական գործողությունները տեղափոխվեն Ադրբեջանի տարածք, որ մենք պետք է նրանց հասցնենք անհամաչափ հարվածներ:
-ՈՒրեմն ինչու՞ չարեցին: «Դուխը» չհերիքե՞ց, թե՞ վաճառված էին. իրերը կոչենք իրենց անուններով:
-Ինչու չարեցին՝ դժվարանում եմ ասել: Բայց մի բան հստակ կասեմ. եթե դա անեին, ամեն ինչ այլ կերպ կլուծվեր: Ամե՛ն ինչ: Դա կլիներ հարված նրանց ռազմաքաղաքական ողնաշարին: Եթե նավթամուղին հարվածելու հարցում կասկածներ կային, թե անգլիացիները մեր դեմ այս ու այն քայլերը կձեռնարկեին (հավատացնում եմ՝ ոչ մի քայլ էլ չէին ձեռնարկի), ապա կարող էին գոնե Եվլախը շարքից հանել. երկաթուղին ամբողջովին Ադրբեջանին է պատկանում, այս դեպքում էլ հո չկա՞ր միջազգային սկանդալի վտանգը: Վերադառնալով նավթամուղին՝ ասեմ, որ այն վնասելը շատերի շահերին կդիպչեր, բայց օգուտ կբերեր երկու երկրի՝ Ռուսաստանին ու Հայաստանին: Իսկ մենք ոչ միայն դա չարեցինք, որ անպայման պետք էր անել, այլև նախապես հայտարարեցինք, որ չենք պատրաստվում նման բան անել: Մեր երկրի նախագահի երկու հարցազրույցներում այդ մասին ասված է բաց տեքստով: Այդ մասին բոլորից առաջ հայտարարել էր Արման Բաբաջանյանը, ապա նաև՝ Արծրուն Հովհաննիսյանը, իսկ վերջին մեխը խփեց Զորայր Մնացականյանը, երբ նույն հավաստիացումն արեց Բայրամովին, Ժնևում:
-Այսինքն՝ մեր թշնամուն հանգիստ խղճով մեզ ցեղասպանելու «քարտ բլանշ» են տվել հենց մեր պաշոնյաները: Էլ ի՞նչ ելք էինք ուզում այսպիսի ղեկավարներ ունեցող երկրի պատերազմից: Մանավանդ որ անակնկալները օր օրի ավելանում են: Խոսուն ապացույց՝ Սոթքի դեպքը, Սյունիքի հանդեպ ոտնձգությունները, ադրբեջանական շուկայում առևտուր անելու «շենշող» հեռանկարը, և այլն, և այլն:
-Կան տեսաբաններ, որոնք հայտարարում են, թե եղել է դավաճանություն հայկական կողմից: Անգամ մատնություն է եղել. Ադրբեջանին տեղեկություն են փոխանցել, թե որտեղ են կուտակված հայկական զորքերը, և նրանց ոչնչացրել են՝ ունենալով համապատասխան կոորդինատներ: Պեգովն էլ հավաստիացնում է, որ Շուշիում մարտեր չեն եղել, այն հանձնվել է առանց մարտի: Այս ամենի պարագայում մի բան հստակ է՝ այս իշխանությունները պետք է անհապաղ հեռանան։
Զրույցը վարեց
Կարինե ՌԱՖԱՅԵԼՅԱՆԸ